Անվտանգության մասնագետ Չարլի Միլլերը հայտնաբերել է մի խոցելիություն, որը թույլ է տալիս փոխել Apple նոութբուքների մարտկոցի համար պատասխանատու միկրոկարգավորչի կարգավորումները: Փորձագետը պնդում է, որ հաքերներն անհրաժեշտության դեպքում կարող են շարքից հանել մարտկոցն ու պայթեցնել այն:
Խոսքը MacBook, MacBook Pro և MacBook Air նոութբուքների մասին է: Միլլերի խոսքով՝ մարտկոցները համալրված են չիպերով, որոնք ղեկավարում են լիցքավորումը նույնիսկ այն ժամանակ, երբ նոութբուքը անջատված վիճակում է: էլեկտրաշարժիչի աշխատանքը կարգավորող սարքը «գիտի»` երբ դադարեցնել լիցքավորումը, ինչպես նաև այն կարգավորում է մարտկոցի ջերմաստիճանը, գրում է Forbes-ը:
2009թ. մարտին Apple-ը թողարկեց ծրագրային թարմացում, որը թույլ էր տալիս երկարեցնել MacBook նոութբուքի մարտկոցի ավտոնոմ աշխատանքի ժամանակը: Այդ թարմացումը իրականում կոնտրոլլերի կարգավորումները փոխող ծրագիր էր:
Ուսումնասիրելով այդ ծրագիրը՝ Միլլերը հայտնաբերել է, որ չիպում օգտագործված են շատ թույլ անվտանգության մեխանիզմներ: Իսկ եթե հաքերը կարողանա կոտրել դրանք, կարող է փոխել կարգավորումները, ինչը կհանգեցնի գերտաքացման ու պայթյունի:
Միլլերն ինքն արդեն շարքից հանել է յոթ մարտկոց, որոնք այլևս հնարավոր չէ օգտագործել:
Միլլերն առաջինը չէ հայտնաբերել նման խնդիր. դեռևս 2009-ին նման հետազոտություն էր անցկացրել McAfee ընկերության աշխատակից Բերնաբի Ջեքը (Barnaby Jack):
Միլլերը չի հայտնում, թե ինչպես է կարողացել թափանցել մարտկոցային համակարգի միկրոկարգավորչի մեջ: Ավելի մանրամասն ինֆորմացիա մասնագետը խոստացել է ներկայացնել Black Hat կոնֆերանսին, որը կկայանա ս.թ. օգոստոսին:
Չարլի Միլլերն, ով նախկինում աշխատել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում, այժմ Accuvant ընկերության հետազոտողներից է: